Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու եւ հրապարակայնորեն հերքելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ դատարան դիմելու մտադրության մասին Էրիկ Գրիգորյանը հայտնել է մայիսին՝ Արտյոմ Վարդանյանի հայտարարությունից հետո: «Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել եւ վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարեւորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։ Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման եւ պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով»,- գրել է նախարարը:
Ըստ Econews.am-ի՝ Արտյոմ Վարդանյանը փորձել է ներողություն խնդրել նախարարից, ինչը հավանաբար չի ստացվել, քանի որ Էրիկ Գրիգորյանն ամեն դեպքում հայցադիմում է ներկայացրել վերջինիս դեմ:
Դատարանը Էրիկ Գրիգորյանի հայցադիմումն ընդունել է վարույթ: Գործով դատավոր է նշանակվել Գոռ Թորոսյանը, Էրիկ Գրիգորյանի ներկայացուցիչն է Արամ Վարդեւանյանը:
Դեռեւս մայիսին «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը
NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը լսել է նման խոսակցություններ իր ընկերներից, և չի պնդել, որ նման բան կա, այլ ասել է՝ կան լուրեր, որ Կենդանաբանական այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը. «Կրկին պնդում եմ, որ նման խոսակցություններ կան: Բայց ես չեմ պնդել, որ դա այդպես է: Ինձ ընկերներս ցույց են տվել լուսանկարներ, որտեղ նախարար Էրիկ Գրիգորյանը Ռուբեն Խաչատրյանի հետ հեծանիվ է քշում: Ասել են, որ իրենք ընկերներ են: Ինձ ասում են, որ Կենդանաբանական այգու տնօրենին ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ իր մեջքին այլ մարդիկ կան կանգնած: Ես չեմ ունեցել նպատակ զրպարտելու նախարարին, իմ խնդիրը Կենդանաբանական այգու տնօրենի հետ է: Ես միայն գիտեմ, որ նման խոսակցություններ կան:
Ինչ վերաբերում է դատի տալուն՝ ես մի գրամ անգամ դատարանից չեմ վախենում, քանի որ չեմ վիրավորել, ու կեղծ պնդումներ չեմ արել»:
Նշենք, որ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներից Արտյոմ Վարդանյանը պահանջում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ կենդանիների սպանդ իրականացնելու մեջ: Երեկ լրագրողների հետ զրույցում Վարդանյանը հայտարարել է, որ այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարարը:




























