Տավուշի մարզի Արճիս բնակավայրի բնակիչները բացել են մոտ 1 ժամ փակած Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։ Նշենք, որ համայնքի բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն։ Ճանապարհը բացելու դեպքում՝ մարզպետարանի աշխատակիցները խոստացան հանդիպել բնակիչներին եւ լուծել խնդիրը։ Այսօր՝ հուլիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում Արճիս բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը պատմեց, որ համայնքն արդեն 30 տարի ունի խմելու ջրի խնդիր, սակայն վերջին 1 տարում խնդիրն ավելի է խորացել։ Վարչական ղեկավարի խոսքով՝ տարածքում այս տարի տեղումներ չեն եղել, եւ բնակավայրի 2 աղբյուրները ցամաքել են։
«Խորհրդային միության փլուզումից հետո մենք խմելու ջուր չունենք։ 2 աղբյուր ունենք, դրանցից պոմպակայանով ջուրը հասնում էր գյուղին, բայց հիմա աղբյուրները ցամաքել են։ Վիոլա ջրի մագիստրալը Լոռու Բերդի միջով է անցնում, այդտեղից են միշտ բնակիչները ջուր վերցնում։ Բայց տներում ջուր չի գալիս բացարձակ։ Գոնե անցած տարիներին ձյուն, անձրեւ գալիս էր, հիմա դա էլ չկա։ Տարբեր մարմինների ենք դիմել, սակայն ապարդյուն։ Հիմա հույս ունենք, որ գոնե մարզպետարանը կանդրադառնա այդ հարցին»,- ասաց Վերանյանը։
Նա ասաց, որ Տավուշի մարզպետարանից բնակիչներին ասել են՝ մինչեւ բնակավայրի համար նախատեսված նոր ներքին ցանցի ծրագիր լինելը, հին մագիստրալից ներքին ցանցով ջուր կտրամադրեն բնակավայրին։




























