Հայաստանի մրցակցային քաղաքականության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել այսօր՝ մարտի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար դոկտոր Սուպաչայ Պանիտչպակդիի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի քարտուղարության կողմից Հայաստանի մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքներին ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն բարձր է գնահատել Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, եւ նշել, որ Հայաստանում հաջողությամբ են ընթանում տնտեսական բնագավառի բարեփոխումները:
Հյուրի խնդրանքով, Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ու դրանց խթանմանն ուղղված իշխանությունների քայլերը:
Սուպաչայ Պանիտչպակդին ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման իր տեսլականը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը հիմնվել է 1964թ. որպես մշտական միջկառավարական մարմին: Այն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ առեւտրի ներդրումների եւ զարգացման հարցերով զբաղվող հիմնական մարմինն է: Միջկառավարական համաժողովները գումարվում են 4 տարին մեկ անգամ: Տասներեքերորդ համաժողովը կգումարվի Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ 2012թ.:


























