Մեծ Բրիտանիայում 39 տարեկանում մահացել է շեյխ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին՝ նորաձեւ դիզայներ եւ ԱՄԷ-ի Շարժա էմիրության տիրակալ Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմի III-ի որդին: 2008 թվականին գործարկված նորաձեւ Qasimi ապրանքանիշի հիմնադիր Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին մահացել է անհայտ հանգամանքներում՝ նրան մահացած են գտել Իսթ Գրինսթեդի իր տան լոգարանի հատակին, շուրջը թափված էին ներարկիչներ, իսկ նրա թեւին փաթաթված էր փողկապը, հայտնում է բրիտանական տաբլոիդ The Sun-ը:
Շեյխ Սուլթանը որդու մահվան մասին հայտնել է «Ինսթագրամի» իր էջում: «Շեյխ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին Աստծո ձեռքերում է»,- գրել է նա:
Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին 9 տարեկանից ապրում էր Մեծ Բրիտանիայում. նա սովորել է Քենթ կոմսության Թոնբրիջ դպրոցում, այնուհետեւ ընդունվել է Լոնդոնի Համալսարանական քոլեջ, որտեղ ուսումնասիրել է ֆրանսիական եւ իսպանական մշակույթը ու ստացել ճարտարապետի աստիճան: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայում ստացած գիտելիքները կիրառել է ԱՄԷ-ում՝ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին ղեկավարել է Շարժայի Քաղաքային պլանավորման խորհուրդը, իսկ դրանից բացի, զբաղվել է Շարժայի Ճարտարապետական տրիենալեի կազմակերպմամբ, որի շրջանակում էմիրությունում անցկացվում են ցուցահանդեսներ եւ տարբեր միջոցառումներ՝ կապված ճարտարապետության եւ կերպարվեստի հետ:
Խալիդ ալ Քասիմին սովորել է նաեւ հեղինակավոր Սուրբ Մարտինի քոլեջում, որն ավարտել են Մեծ Բրիտանիայում հայտնի շատ մոդելիերներ, մասնավորապես՝ Ստելլա Մակքարթնին եւ հանգուցյալ Ալեքսանդր Մակքուինը: Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին իր նորաձեւ ապրանքանիշը հիմնադրել է 2008 թվականին: Նա բրիտանական նորաձեւության մեջ իր հաստատուն տեղն է գրավել Լոնդոնում եւ Փարիզում Նորաձեւության շաբաթներին մասնակցության շնորհիվ:
Նա հավաքածուներում ընդգծում էր իր մերձավորարեւելյան ծագումը՝ հանդերձներում օգտագործելով ավանդական արաբական հագուստի տարրեր. Ալ Քասիմիի շնորհիվ մոդելները պոդիում են դուրս եկել ջելաբներով եւ կապայով:
Ալ Քասիմին ասում էր, որ մոդելները պետք է պոդիում դուրս գան ինչպես մարտիկները ստորգետնյա մատուռից: Qasimi հանդերձանքը ներկայացված է Լոնդոնի եւ Փարիզի խանութներում, դրանք գնահատում են շատ հայտնիներ, մասնավորապես՝ Լեդի Գագան, Ֆլորենս Ուելշը եւ Շերիլ Քոուլը ներկայացել են ալ Քասիմիի զգեստներով:
Հիմա էմիրությունում եռօրյա սուգ է հայտարարված՝ դրոշները կիսով չափ իջեցված են։ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդը՝ Դուբայի փոխնախագահն ու կառավարիչը, երեքշաբթի՝ հուլիսի 2-ին, զորակցության խոսքով դիմել է Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմ III-ին։
«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում եղբորս՝ շեյխ Սուլթան բին Մուհամեդ ալ Քասիմի III-ին որդու՝ շեյխ Խալիդ բին Սուլթանի մահվան կապակցությամբ,- գրել է նա իր «Թվիթերում»։- Ես նաեւ անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Շարժայի եւ ԱՄԷ զավակներին ու դուստրերին։ Ես Տիրոջը խնդրում եմ եղբորս՝ շեյխ Սուլթանին համբերություն տալ այս դժվարին պահին։ Մենք տեսել ենք ձեր սերը եւ կարեկցանքը երկրի բոլոր բնակիչների հանդեպ, մենք զգացել ենք, թե ինչքան մեծ է ձեր սիրտը։ Աղոթում եմ Տիրոջը, որ ձեզ ուժ տա այս ծանր պահին»։
Շեյխ Մոհամմեդ բին Սայեդը՝ Աբու Դաբիի թագաժառանգը եւ ԱՄԷ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, նույնպես ցավակցությամբ դիմել է Խալիդ ալ Քասիմի ընտանիքին։ «Մենք ձեր որդու՝ շեյխ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմիի մահվան լուրն առանք, Աստված հոգին լուսավորի, մեծ վշտով եւ թախիծով,- գրել է նա իր «Թվիթերում»։- Մենք մեր սիրելի եղբայր շեյխ Սուլթան բին Մուհամմեդ ալ Քասիմիին եւ ալ Քասիմի ընտանիքին ենք հայտնում մեր անկեղծ ցավակցությունները»։
Խորին ցավակցությամբ հանդես է եկել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում Մեծ Բրիտանիայի դեսպան Պատրիկ Մուդին։ «Թվիթերի» այլ օգտատերեր հիմա սոցցանցում դնում են շեյխ Խալիդի լուսանկարները, այդ թվում եւ արխիվային։
Շեյխ Խալիդի գործընկերները նույնպես խորապես ցավում են նրա մահվան կապակցությամբ։ «Միշտ կլինի մեր հրեշտակը»,- իր «Ինսթագրամում» գրել է լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն։
Խալիդ ալ Քասիմիի հայրը՝ Սուլթան բին Մուհամմեդ ալ Քասիմի III-ը, արդեն կորցրել էր ավագ որդուն 1999 թվականին, նա մահացել էր հերոինի չափաբաժնի չարաշահումից 24 տարեկանում։




























