Զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար:

Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիի հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաեւ այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը:

Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ու նաեւ Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երեւան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, եւ այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ  մեր երկիրը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարեւոր պատճառը, ըստ  Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երեւանում միջազգային համաժողովին  մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը: