Շիրակի մարզի Վարդաղբյուր համայնքում անցկացվել է դահուկասպորտի մրցաշար, որին մասնակցել են մարզիկներ Շիրակի եւ Լոռու մարզերից: Մրցաշարը նվիրված էր դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հարությունյանի հիշատակին: Հուշամրցաշարի անցկացումը մարզում ավանդական բնույթ է կրում:
Շուրջ 200 մարզիկ, մարզուհիներ իրենց ուժերը փորձեցին այս սպորտաձեւում: «Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, լինելով համաշխարհային կազմակերպության անդամ, ներկայումս դասվում է զարգացող ֆեդերացիաների շարքին: Սակայն անելիքներ դեռ շատ կան:Դահուկային սպորտը զարգանում է Հայաստանի ձյունառատ շրջաններում: Եղանակային պայմանները եւս պետք է բավարար լինեն մարզաձեւի զարգացման համար»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի ձմեռային մարզաձեւերի դպրոցի տնօրենը:
«Դահուկասպորտը պետք է մասսայական դառնա, հնարավորությունները պետք է այնպիսին լինեն, որպեսզի մարզիկները տարվա մյուս եղանակներին եւս կարողանան մարզումներ իրականացնել: Բացի դրանից դահուկասպորտի զարգացման համար ֆիննանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, քանի որ մարզագույքը բավականին թանկ է»,-նշել են մրցաշարին ներկա մարզիկ-մարզիչները:




























