Արքայադուստր Ռիմա բինտ Բանդար բեն Սուլթան բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը ստանձնել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի պաշտոնը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով Վաշինգտոնում սաուդյան դեսպանության պաշտոնական ներկայացուցիչ Ֆահադ Նազիրին։ Նա դարձել է թագավորության պատմության մեջ առաջին կինը, որը գլխավորում է արտասահմանյան դիվանագիտական առաքելությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Արքայադուստր Ռիման անհապաղ ստանձնում է պարտականությունները Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ պատմական գործընկերության ամրապնդման գծով»,- ասել է Նազիրին։ Նա նաեւ ավելացրել է, որ «տիկին դեսպանը կստիպի Վաշինգտոնին նորովի նայել փոխվող թագավորությանը»։
2019 թվականի փետրվարին արքայադստեր նշանակման հրամանագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը։ Ռիմա բինտ Բանդարը արքայազն Բանդարի դուստրն է, որը գլխավորել է սաուդյան դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում 1983-2005 թվականներին։ Դրանից հետո նա նշանակվել է թագավորության հետախուզական վարչության տնօրեն եւ համատեղել հետախուզության տնօրենի պաշտոնը թագավորության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնի հետ։





























