Ինքնահռչակ Կոսովոյի իշխանությունները հինգշաբթի որոշում են ընդունել ինքնավարության տարածք Սերբիայից բոլոր պաշտոնատար անձանց մուտքի արգելման մասին: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է երկրամասի ԱԳ նախարար Յեթլիր Զուբերայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Սերբիայի կողմից Կոսովոյին ուղղված հիբրիդային սպառնալիքների, մշտական քարոզչության եւ երկրի ու մեր քաղաքացիների մասին կեղծ լուրերի, ինչպես նաեւ Կոսովոյի հյուսիսում, այսպես կոչված, հումանիտար ճգնաժամի կանխման վերջին ջանքերի պատճառով՝ սպառնալով սերբ բնակչությանը եւ նրանց ստիպելով ձեռնարկությունները փակել միայն Բելգրադի ինչ-որ քաղաքական նպատակների համար, ԱԳ նախարարությունը սերբ պաշտոնատար անձանցից ոչ մեկին թույլ չի տա Կոսովո այցելել: Բոլոր հայտերը կմերժվեն այնքան ժամանակ, քանի դեռ նման վարքագիծը կշարունակվի»,- նշել է Զուբերայը:

Այս շաբաթ ավելի վաղ Կոսովոյի հյուսիսի եւ Մետոխիայի ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ Ռադոշ Պոտրովիչը հայտարարել էր, որ սերբ բիզնեսմենները 2 օրով առեւտուրը դադարեցրել են, ինչպես նաեւ ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսում փակել են բոլոր մթերային խանութները, փռերը, ավտոլցակայանները, դեղատները, հանրային սնունդի կետերը եւ գեղեցկության սրահները: Նրանք այս քայլին են դիմել ի նշան բողոքի անցյալ տարվա նոյեմբերի 21-ին Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիա եւ Հերցեգովինայից ապարանքների համար սահմանված 100 տոկոս մաքսատուրքերի դեմ:

Սերբական Կոսովոյի ինքնավար երկրամասը եւ Մետոխիան միակողմանի կարգով անկախություն էին հռչակել 2008 թվականի փետրվարին: 2010-ին երկրամասի անկախությունը ճանաչել էր ՄԱԿ  Միջազգային դատարանը: Ներկայումս, ըստ Սերբիայի, Կոսովոյի Հանրապետության անկախությունը ճանաչում են 99 երկրներ: Պրիշտինան պնդում է, որ նման 117 պետություն կա: Կոսովոյի ճանաչման դեմ են հանդես գալիս ավելի քան 60 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հունաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան եւ Չինաստանը: