Գյումրեցի փաստաբանները դրական են գնահատում, որ Արդարադատության նախարարությունում ԵԽ-ի հետ միասին մտածում են ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակն ընդլայնելու, հետեւաբար, կալանավայրերը բեռանաթափելու ծրագիր մշակելու մասին:

«Եթե այդ նախաձեռնությունն օրենսդրական տեսք ստանա, կալանավայրերում բեռնաթափում տեղի կունենա: Սա այն է, ինչ պահանջում էինք տարիներ շարունակ»,- NEWS.am-իի հետ զրույցում նշել է Գյումրիում գործող փաստաբան Աննա Դավթյանը: Նրա խոսքով, սակայն, մտահոգություններ կան հետագայում այդ օրենքի նախագծի կիրառման հետ:

«Ինչպես կկիրառվի այդ գաղափարը մեր պետությունում, սա է ցավոտ խնդիրը: Մեր հասարակությունը շատ դժգոհ է օրենք կիրառողներից: Այլ մեկնաբանություններ կարող են տրվել, այլ շահագրգռություններ կարող են առաջանալ: Կարող է չարաշահվել եւ կոռուպցիայի տեղիք տալ, ոչինչ չեմ բացառում, բայց նման նեգատիվ երեւույթներ առանց նման օրինագծի էլ կարող են նկատվել»,- ասել է նա:

«Ամեն դեպքում ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների կիրառումը պետք է: Ասենք, 10սմ ալյումինե հաղորդալար գողացող երեխային կալանավայր չուղարկեն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի այդ երեխայի ապագան, երբ նրա դաստիարակությունը կալանավորների շրջանում շարունակվի»,-իր հերթին ասել է Գյումրիում գործող փաստաբան Սուսաննա Մխիթարյանը: