Մաքսային վարչարարության եւ անբարենպաստ օրենքների պատճառով Հայաստանում ջերմատնային տնտեսությամբ զբաղվելը արդեն մի քանի տարի չափազանց ռիսկային է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն»-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ ավելացնելով, որ առկա խնդիրների պատճառով գյուղատնտեսթյան այս գրավիչ ճյուղը զարգացման հեռանկարներից զրկվում է։ «Խորհրդային տարիներին գյուղատնտեսության այս կարեւոր ճյուղը այնքան զարգացած էր, որ Հայաստանի ջերմոցներում աճեցրած ծաղիկները, մասնավորապես մեխակները հսկայական քանակությամբ արտահանվում էին Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան եւ այլ խորհրդային հանրապետություններ, այսօր այս նույն շուկաները, հատկապես Ռուսաստանի ու Ուկրաինայի, գրավել են ադրբեջանցի ծաղկագործները»,- նշեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ խնդրի լուծումը հնարավոր է օրենքի փոփոխությամբ եւ ոլորտին մաքսային արտոնության տրամադրմամբ։
«Իրավիճակն այսպիսին է։ Օրինակ, եթե ֆերմերը Հայաստան է ներմուծում 10 մլն. դրամ արժողությամբ ծաղկի սածիլ ու սահմանի վրա նա պարտավոր է վճարել ներկրվող ապրանքի դիմաց մոտ 3.2 մլն. դրամ մաքսատուրք եւ հարկ։ Վերջինները գոյանում են 10% մաքսատուրքի, եւ 20 տոկոս ԱԱՀ-ի եւ ուրիշ վճարների հաշվին: Այսինքն, գյուղատնտեսական նշանակության համար ապրանք ներկրող ֆերմերը, որ կարող է ներկրումից շահույթ ակնկալել միայն մի քանի ամիս հետո, ստիպված է լինում բավականին մեծ գումար վճարել պետությանը, եւ հետո սկսել բանկերից վարկեր խնդրել»,- նշեց Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրենը՝ ընդգծելով, որ հայաստանյան բանկերում գյուղատնտեսական նշանակության վարկերը ամենաանբարենպաստ պայմաններով են տրվում։
Գեւորգյանի խոսքով՝ գյուղնշանակության վարկային միջոցները առաջարկվում են բարձր տոկոսադրույքով. վճարման կարգում բանկը հաշվի չի առնում սեզոնային առանձնահատկությունը, շատ կարճ (մեկ կամ երկու սեզոն) վճարման ժամկետներ են սահմանվում, եւ վարկերի չափերը չափազանց փոքր են լինում։
Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրենը նշեց, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները հետաքրքրում են ներդրողների տարբեր երկրներից, բայց հարկային ու մաքսային «յուրահատկությունների» մասին տեղեկանալուց հետո, նրանք պարզապես հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարելու մտադրությունից։
«Կառավարությունը պարզապես պետք է մաքսատուրք եւ սահմանի վրա գանձվող ԱԱՀ չվերցնի սածիլներ եւ տնկիներ ներկրողներից, վնասը մեկ տարվա ընթացքում կկազմի մի քանի տասնյակ միլիոն դրամ, բայց մի քանի տարում Հայաստանում հարյուրավոր միլիոն դոլարի հասնող ներդրում կարվի»,- ասաց Գեւորգյանը՝ ընդգծելով, որ ջերմոցային տնտեսությունների համար զարգացման հարմար պայմաններ ստեղծելու դեպքում կլուծվի նաեւ ցածր լեռնային գոտիներում անմշակ մնացած հողերի հարցը։
«Այսօր ջերմոցային տնտեսությունները հիմնականում կենտրոնացած են Արարատյան դաշտավայրում, սակայն այս տնտեսության համար ամենահարմարը Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Լոռու հողերն են, որոնց մեծ մասն այսօր խոպան է դարձել»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ վերջերս կառավարությունը ակտիվորեն քննարկում է գյուղատնտեսության զարգացման թեման, բայց արագ գործողություններ դեռ չեն գրանցվել։
Ըստ Գեւորգյանի՝ օրենքի փոփոխությունները կարող են իրականացվել շատ արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում։ «Յուրաքանչյուր տարի կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողով ներկայացվում, ընդունվում է օրենքների մի ահռելի փաթեթ` Ամանորից ընդամենը մի քանի օր առաջ: Կառավարությունը նույն օպերատիվությունը կարող է ցուցաբերել նաեւ այս դեպքում՝ ի նպաստ գյուղատնտեսության զարգացման: Սա կլինի այն դեպքը, երբ բոցաշունչ ելույթները կդառնան իրական գործողություն, որը եւ կբերի ցանկալի արդյունքների»,- եզրափակեց Բիզնեսի զարգացման կենտրոնի տնօրենը:





























