Սաուդյան Flyadeal լոուքոսթերը հրաժարվել է ամերիկյան  Boeing  ընկերության հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածությունից՝ 737 Max ինքնաթիռների գնումը փոխարինելով եվրոպական Airbus մրցակցի ինքնաթիռներով: 737 Max 50 օդանավերի փոխարեն Flyadeal-ը պատրաստվում է ձեռքբերել A320neo  թվով 30 ինքնաթիռ, հաղորդում է  DW –ը՝ հղում անելով լոուքոսթերին:

Saudi Arabian Airlines ավիաընկերությունը, որի դուստր կազմակերպությունն է Flyadeal-ը, ստորագրել է Airbus-ի հետ պայմանագիր մի քանի տասնյակ օդանավեր ձեռքբերելու մասին դեռեւս հունիսին Փարիզում: Սակայն այդ ժամանակ դեռ հայտնի չէր, որ եվրոպական ինքնաթիռները կվաճառվեն սաուդյան լոուքոսթերին, որը կփոխարինի դրանցով Boeing 737 Max-ը:

Նախատեսվում է, որ հետագայում Flyadeal-ի ավիապարկը կազմված կլինի միայն Airbus ապրանքանիշի A320neo օդանավերից, նշում են ընկերությունում: 5.9 մլրդ եվրո արժեքով այդպիսի 30 ինքնաթիռներով շարքը կմատակարարվի Սաուդյան Արաբիա դեկտեմբերին:

2018 թվականի հոկտեմբերին թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել էր Lion Air ինդոնեզական բյուջետային ավիաընկերության Boeing 737 Max ինքնաթիռը: 2019 թվականի մարտի 10-ին Ադիս Աբեբայի օդնավակայանից  նույնպես թռիչքից րոպեներ անց ընկել էր նույն տեսակի ինքնաթիռը՝ Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող: Երկու դեպքերի հետեւանքով զոհվել էր 346 մարդ: Երկու դեպքում էլ փորձագետները որպես պատճառ մատնանշում են հետագծի եւ բարձրություն հավաքելու արագության խախտումները ինքնաթիռի հետագա չկառավարվող անկման ելքով:

Եթովպական ինքնաթիռի կործանման մասին նախնական հաշվետվությունը ցույց էր տվել, որ օդնաչուները պահպանել էին արտադրողի բոլոր հրահանգները, սակայն դա չէր կանխել աղետը: Աշխարհի պետությունների մեծամասնությունը, ներառյալ՝ ԱՄՆ-ը, արգելել են Boeing 737 Max –ի շահագործումը մինչեւ հետաքննության ավարտը: