«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի իրավունքների  խախտումները,  փետրվարի 24-ից ի վեր  էլ ավելի են ահանգնացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 22-ին հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փաշինյանի շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ թվեց իր պաշտպանյալի նկատմամբ թույլ տրված մի շարք խախտումներ:

«Մասնավորապես, եթե մինչեւ այսօր նրա լրագրողական գործունեությունը  խոչընդոտում էր «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը` Փաշինյանի ծրարված հոդվածները ՀԺ-ի խմբագրություն չուղարկելով, ապա  փետրվարի 24-ին նրա մոտ տեղի է ունեցել խուզարկություն եւ առգրավվել են նրա բոլոր գրենական պիտույքները: Նրան արդեն ֆիզիկապես են արգելում որեւէ բան գրել»,-հայտարարեց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ երբ իր հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ձեռքն է վերցնում գրիչը, ՔԿՀ-ի վարչակազմն անմիջապես արգելում է  հանդիպումը, կամ էլ վարչակազմի աշխատակիցը գալիս, նստում է քաղբանտարկյալի կողքն ու արգելում է որեւէ բան գրել:

Վահե Գրիգորյանն այս խախտումների մասին 2010 թվականի դեկտեմբերից ի վեր բազմիցս հայտնել է Արդարադատության նախարարին, սակայն դրանց ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: «Ավելին, ՔՀԿ-ն հերքում է, որ որեւէ նման խախտում է տեղի ունեցել, իսկ Արդարադատության նախարարը  էֆեկտիվորեն հովանավորում է «Արթիկ» ՔԿՀ-ին եւ հավատում դրա տրամադրած սուտ տեղեկությանը»,-հայտարարեց փաստաբանը:  

Նա հիշեցրեց, որ Արդարադատության նորանաշանակ նախարար Հրայր Թովմասյանը իր առաջին ասուլիսում, անդրադառնալով Փաշինյանի իրավունքների խախտումներին, հայտարարել էր. «Ծառայողական քննության արդյունքների մի մասը կա, ամբողջությամբ ինձ չի գոհացնում, կնշանակեմ նոր ծառայողական քննություն, կպարզեմ, եւ եթե տեղի է ունեցել խախտում, խոստանում եմ` մեղավորները կպատժվեն»: Եվ երբ Գրիգորյանը փորձել է ստանալ ծառայողական քննության արդյունքները, նրան արդարադատության փոխնախարարը հայտնել է, թե տեղի է ունեցել ոչ թե ծառայողական քննություն, այլ` ծառայողական ուսումնասիրություն: «Այսինքն, մի գործընթաց, որը օրենքով նախատեսված չէ առհասարակ: Սա ենթադրում է, որ նյութեր չեն նախապատրաստվել»,-նկատեց փաստաբանը եւ արդարադատության նախարարին մեղադրեց սուտասանության մեջ:

Ի դեպ, հարցին, թե ինչպես է ՔԿՀ-ի վարչակազմը բացատրում իր գործողությունները, փաստաբանն ասաց, թե «նրանք անմեղ հայացքով նայում են դեմքիդ եւ ասում, որ նման բան տեղի չի ունեցել»:

Նշված խախտումների մասին փաստաբանը պարբերաբար իրազեկել է միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԽ մարդու իրավուննքերի հանձնակատար Թոմաս Համարբերգին: