«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող Նիկոլ Փաշինյանն իր փաստաբան Վանե Գրգորյանի միջոցով ուղերձ է հղել լրագրողական հանրությանը: Նա լրագրողներից խնդրում է ամեն օր «Արթիկ» ՔԿՀ-ից տեղեկանալ, թե արդյոք նա հանձնե՞լ է որեւէ ծրար նշված ՔԿՀ-ի վարչակազմին` «Հայկական ժամանակ» ուղարկվելու համար: Փաշինյանը փոխանցել է նաեւ, որ խոստանում է յուրաքանչյուր աշխատանքային օր նամակ փոխանցել ՔԿՀ-ին:
«Անհնար է, որպեսզի նա իր խոստումը չկատարի: Այդ խոստումը չկատարելու միակ պատճառն այն է լինելու, որ նրանցից առգրավեն թուղթն ու գրիչն ու թույլ չտան կատարել իր լրագրողական աշխատանքը»,-վստահեցրեց փաստաբանը:
Նա նաեւ նշեց, որ ՔԿՀ-ի վարչակազմը արգելում է Փաշինյանի առանձնատեսակցությունն իր փաստաբանի հետ: «Վերջին անգամ առանձնատեսակցություն տեղի է ունեցել շուրջ 9 ամիս առաջ` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն, որը տեւել է 10 րոպե:
Դրանից հետո որեւէ առանձնատեսակցություն թույլ չի տրվել»,-հավաստիացրեց Վահե Գրիգորյանը: Նա նաեւ հավելեց, որ երբ հանդիպում է իր պաշտպանյալի հետ, հանդիպմանը պարտադիր ներկա է լինում ՔՀԿ-ի վարչակազմի ներկայացուցիչը, եւ անգամ ստուգում, թե ինչ է կարդում Փաշինյանը: «Վստահ եմ, որ մեր խոսակցությունը նաեւ ձայնագրվում է, այսինքն, աշխատանքային որեւէ պայման չի ապահովվում»,-ասաց նա:
Փաստաբանը նաեւ հավելեց, որ Փաշինյանը զրկված է նաեւ իր հոդվածները հարազատների կամ փաստաբանի միջոցով արտաքին աշխարհ ուղարկելու հնարավորությունից, քանի որ փաստաբանի հետ ամեն մի հանդիպումից առաջ նրան մանրազնին խուզարկում են:





























