Վրաստանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ մշակութային ժառանգության  թեմայով ընթացող բանակցություններում թափանցիկություն է պահանջում:

Ըստ «Պիրվելի» գործակալության, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  առաջնորդ Իրակլի Քադագիշվիլին նշել է, որ այդ գործընթացում անհրաժեշտ է ներգրավել Պատրիարքարանին, ինչը պահանջում է պետության եւ եկեղեցու պայմանավորվածությունը:

«Մեր հասարակությունը բանակցություններում օրինական շահ ունի, եւ չնայած խոսքը չի վերաբերում պետության անվտանգությանը, այնուամենայնիվ վրաց-թուրքական բանակցությունների դռնփակ լինելը հարցեր է առաջացնում: Պահանջում ենք, որ Վրաստանը հրապարակի, թե բանակցությունները ո՞ր փուլում են գտնվում, եւ արդյոք նրանց համապատասխան պրոֆեսիոնալ մասնագետներ, պատրիարքարանի եւ UNESCO-ի ներկայացուցիչներ միացե՞լ են, թե՝ ոչ»,-հայտարարել է կուսակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Բաթումիում թուրքական մզկիթի կառուցմանը, ապա կուսակցության կարծիքով, պետությունը չպետք է ընդունի այնպիսի որոշում, որը հասարակության տարբեր խմբերի մեջ տարաձայնություններ կառաջացնի: «Այս հարցը պետք է լուծվի քաղաքացիական համաձայնության հիման վրա»,- հավելել է Քադագիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանը եւ Թուրքիան պայմանավորվածության են եկել, ըստ որի Թուրքիայում կվերանորոգվեն վրացական հուշարձանները, իսկ Վրաստանում կկառուցվեն մզկիթներ: