Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը զայրանում է տհաճ հարցերից եւ հրաժարվում պատասխանել դրանց: Այսօր` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նրան հարցրել են, թե ի՞նչ է կարծում Արմավիրի ոստիկանապետի կողմից քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանին ծեծի ենթարկելու փաստի մասին: «Հարցը կներկայացվի, եւ եթե լինի նման դեպք իհարկե, դրա հետ կապված կլինի համապատասխան հանձնարարություն: Այս պահին ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասել է Օսիկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ոստիկաններն արգելում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին վրան տեղադրել Ազատության հրապարակում, Օսիկյանը հայտարարել է, թե այդ հարցերը ոստիկանական համակարգի բարեփոխումների հետ կապ չունեն: «Այդ հարցերի հետ կապված ոստիկանությունն ունի իր հստակ դիրքորոշումը, կարող եք դիմել մեր լրատվության ծառայությանը՝ ոստիկանության պաշտոնական տեսակետն ստանալու համար»,- զայրացել է Օսիկյանը: