Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե որեւէ հրահանգ չի տվել լրագրող Գեորգի Գոնգաձեին ոչնչացնելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կուչման հայտարարել է, թե իր հասցեին մեղադրանքները «Ուկրաինայի դեմ հրեշալի սադրանք է»: Կուչմայից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել:

Ուկրաինայի նախկին նախագահը մեղադրվում է ՆԳՆ-ին հրամաններ տալու մեջ: Պատրվակը ձայնագրություններ են, որտեղ Կուչման անձամբ է խնդրում ՆԳ նախարար Յուրի Կրավչենկոյին «լուծել Գոնգաձեի հարցերը»:

Ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն սպանվել էր, գլխատվել ու Կիեւին մերձակա անտառում թաղվել 2000 թվականին։

Նրա սպանության գործի քննությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Այս ընթացքում մի քանի առանցքային վկաներ մահացել են կասկածելի հանգամանքներում։ 2008 թվականին երկարատեւ ազատազրկման են դատապարտվել քրեական հետախուզության երեք աշխատակիցներ: