Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ է, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի, ուստի իրեն թող իրավունք չվերապահի խոսել ՀԱԿ-ի պլանների եւ ծրագրերի մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 23-ին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի այն պնդմանը, թե ընդդիմությունը համաձայնել է հերթական ընտրությունների գաղափարի հետ: «Շարմազանովը չէ, որ պետք է որոշի, թե մենք ինչի ենք համաձայն, կամ ինչի համաձայն չենք: Այն, ինչ որ մենք ցանկանում ենք անել, մենք կարող ենք այդ մասին խոսել եւ կարողանում ենք մեր անելիքները շատ հաջող կերպով ներկայացնել հասարակությանը»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը: Նա նաեւ անդրադարձավ Շարմազանովի այն սպառնալիքին, թե եթե ընդդիմության կողմից գոտկատեղից ներքեւ հարված լինի, ապա «Հանրապետականը կարող է այնպես հարվածել, որ ուշքի չգան»:
«Ինձ վերաբերում է գոտկատեղից ներքեւ գտնվող հատվածի մասին իր տվայտանքներին, ես չեմ ցանկանում, որ ինքը ընկնի մեկ այլ քաղաքական գործչի վիճակի մեջ, որը նույնպես շատ էր սիրում գոտկատեղից ներքեւ իջնել»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը։





























