Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանն արձագանքել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որտեղ նա պատասխանել է Էդուարդ Շարմազանովի՝ ընդդիմությանը «գոտկատեղից ներքեւ հարված հասցնելու» մասին արտահայտությանը:
«Լեւոն Զուրաբյանը խորհուրդներ շռայլելու փոխարեն ճիշտ կանի դատարկ հռետորաբանությամբ չզբաղվի եւ խոսքեր չվերագրի մարդու, ով նման արտահայտություններ չի արել:
Իսկ եթե Ձեր ընդդիմադիր գործընկերը հատուկ ցանկություն ունի գոտկատեղից ներքեւ իջնել եւ դա իրեն յուրահատուկ հաճույք է պատճառում, դա իր խնդիրն է: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա պարզ եւ հասկանալի ձեւով ասում ենք. մեր երկրում լինելու են հերթական ընտրություններ»,- ասել է Գագիկ Մելիքյանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը անդրադարձել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե իշխանությունը լայնախոհ է գտնվել եւ բացել է Ազատության հրապարակը, սակայն եթե ընդդիմության կողմից գոտկատեղից ներքեւ հարված լինի, ապա «Հանրապետականը կարող է այնպես հարվածել, որ ուշքի չգան»:
Այս առնչությամբ Զուրաբյանն ասել է. «Ինչ վերաբերում է գոտկատեղից ներքեւ գտնվող հատվածի մասին իր տվայտանքներին, ես չեմ ցանկանում, որ ինքը ընկնի մեկ այլ քաղաքական գործչի վիճակի մեջ, որը նույնպես շատ էր սիրում գոտկատեղից ներքեւ իջնել»:




























