Չինաստանի իշխանությունները պատրաստ են ադեկվատ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից հայտարարված նոր մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ԱՄՆ-ը բարձրացնի մաքսատուրքերը, ապա չինական կողմը պատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը պետք է լավ մտածի՝ նախքան նման քայլեր ձեռնարկելը»,- ասել է նա:
Հուա Չունյինը հավելել է, որ Պեկինը կարող է արձագանքել ուժգնացող ճնշմանը, եւ որ Վաշինգտոնը պատասխանատու է առեւտրային պատերազմի սրման համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն 300 մլրդ դոլարի չափով չինական ապրանքների վրա սահմանված նոր մաքսատուրքերը:





























