Վավերացնելով Ստամբուլի կոնվենցիան՝ Հայաստանը որոշ պարտավորություններ կստանձնի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:

Նա նշել է, որ Սահմանադրության 81-րդ հոդվածում ասվում է, որ Հայաստանը կարող է հաշվի առնել միջազգային փաստաթղթերի դրույթները, որոնք նա ստորագրել է, եւ որոնք պարտադիր բնույթ չեն կրում, այն դեպքում, երբ միջազգային փաստաթղթի վավերացումը կարգավիճակով ավելի բարձր է դառնում սահմանադրությունից:

«Եթե մենք չենք սահմանափակում այս կամ այն խմբի իրավունքները, այսինքն՝ խտրական մոտեցում չենք ցուցաբերում, դա նշանակում է, որ մենք պետք է այդ խմբին հատուկ կարգավիճակ տանք»,- նշել է փորձագետը:

Խալաթյանը հավելել է, որ կոնվենցիան իրավական տեսանկյունից վատ լեզվով է գրված, չկա տերմինների հստակություն, եւ հասկանալի չէ, օրինակ, թե պետությունն ինչպես պետք է կիրառի կարծրատիպային ավանդույթներ ու սովորույթներ հասկացությունները:

«Հատկանշական է, որ 10-11 պետություն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, որը մեզանից առաջ է ժողովրդավարության մակարդակով: Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, ապա այն կարելի է լուծել ներքին օրենսդրության փոփոխությամբ: Կա կարծիք, որ կոնվենցիայի հակառակորդները կանանց նկատմամբ բռնության կողմնակիցներն են, սակայն ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող նման երեւույթի կողմնակից լինել»,- եզրափակել է նա: