Ամերիկյան Կոլորադո նահանգում ձերբակալվել է 30-ամյա Մելոդի Մելոնը, որն առեւանգել էր սրտի կաթվածից մահացող մարդու շանը, հաղորդում է  Fox News-ը:

Կինը առեւանգել էր շանը Լոնգմոնթ քաղաքի 7-Eleven խանութում: Շան 59-ամյա սեփականատեր Ռոբերտ Քորբին սրտի կաթված էր ստացել: Դեպքի վայր ժամանակ բժիշկները փորձել էին փրկել նրա կյանքը, սակայն Քորբին մահացել էր հիվանդանոցում: Հենց այդ պահին՝ խառնաշփոթի ժամանակ, Մելոնն օգտվել էր առիթից ու փախուստի դիմել Քորբիի շան հետ:

Հաջորդ օրը Սեմփսոն մականունով շանը նկատել էին ինչ-որ զույգի հետ զբոսնելիս: Սեմփսոնի «նոր տերերը» հայտնել էին, որ ինչ-որ կին էր տվել շանը նրանց:

Այդ կինը Մելոնն էր, որն ավելի վաղ առեւանգել էր բեռնատար մեքենա ու գիշերում էր դրանում այն պահին, երբ ոստիկանությունը հայտնաբերել էր նրան:

Երբ հանցագործին փորձում էին ձերբակալել, նա դիմադրություն էր ցուցաբերում սպաներին, իսկ ավելի ուշ միտումնավոր միզել էր ոստիկանների մեքենայի մեջ:

Այժմ Մելոնին առաջադրվել է մեղադրանքների ամբողջ «փունջ»՝ շան առեւանգում, ավտոմեքենայի գողություն եւ ոստիկանության սպայի նկատմամբ անարգալից վերաբերմունք: