Հնագետները Ռումինիայի Ալբա մարզի Ռեմեց բնակավայրի մոտ դամբարանում մոտ 5 հազար տարեկան մարդու կմախք են հայտնաբերել, հայտնում է alba24.ro պորտալը:
Ռումինացի գիտնականները Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից գերծընկերների հետ 2 տարուց ավելի ուսումնասիրում են Տրեսկեու լեռան շրջանում դամբարանային համալիրը եւ արդեն պեղել են դրա զգալի մասը: Ընդհանուր հայտնաբերվել է մարդկային մասունքներով 12 վայր, որոնք թաղվել են բրոնզի դարի սկզբին:
Գտածոյի նախնական զննումը ցույց է տվել, որ կմախքը պատկանել է 20-ամյա տղամարդու, որը հասարակության մեջ բավականին բարձր դիրք է գրավել: Նրա ստույգ տարիքը կորոշվի ռադիոածխածնային թվագրման մեթոդի կիրառման արդյունքում:
Գիտնականները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները թույլ կտան լույս սփռել բրոնզի դարում ապրած այդ վայրերի մարդկանց կենսակերպի վրա, մասնավորապես՝ ավելի շատ մանրամասներ իմանալ թաղման ծիսակարգի մասին:
«Կարպատների այս շրջանում առաջին անգամ է կատարվում այդքան նշանակալի հայտնագործություն,- ասել է հնագետ Խորիա Չուգուդյանը: - Դրանք վկայում են լավ մտածված թաղման ճարտարապետության մասին՝ քարե բլոկների կիրառմամբ»:
«Գերեզմանոցը շրջապատված է ամրացված խանդակով, որը լցված է խեցեգործական կտորներով, կենդանիների ոսկորներով, ածխի մնացորդներով,- ասել է նա: - Այստեղ հայտնաբերվել է նաեւ քարե սալերով շատ կանոնավոր կառուցված կլոր սենյակ, որի նշանակությունն առայժմ պարզ չէ»:
Ալբա մարզում հնագիտական պեղումները սկսվել են 2011 թվականին MARBAL (Mortuary Archaeology of the Ramet Bronze Age Landscape – Ռեմեցում բրոնզի դարի գոտում թաղման ճարտարապետությունը) նախագծի շրջանակում:





























