Սաուդյան Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որը կոչված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելուն եւ հետագայում պաշտոնից հանելուն: Middle East Eye-ի տեղեկություններով, որի տրամադրության տակ է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համար պատրաստված գաղտնի զեկույցը, ծրագիրը մշակվել է այն բանից հետո, երբ սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, որին պարբերականը համարում է թագավորության դե ֆակտո տիրակալը, որոշել է, որ «չափից ավելի հանդուրժող» է եղել Էրդողանի հետ Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում Էր Ռիադին ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:
Նյութում նշվում է, որ Խաշոգջիի սպանությունը միջազգային հնչեղություն էր ստացել մեծապես հենց Թուրքիայի արձագանքի պատճառով, որը Սաուդյան Արաբիային պատասխան տալու կոչ էր անում: Մասնավորապես ԱՄՆ ԿՀՎ-ն եւ Սենատը համաձայնվել էին թուրքական հետախուզության եզրակացություններին այն մասին, որ բին Սալմանն անձամբ մասնակից է ողբերգությանը:
Զեկույցում նշված է, որ Էրդողանը «չափազանց հեռու է գնացել» Սաուդյան Արաբիային եւ գահաժառանգ արքայազնին վարկաբեկելու իր արշավում: Փաստաթղթում նշված է, որ Թուրքիան զգալի աջակցություն չի ցուցաբերել սպանության քննությանը, բայց դրա փոխարեն նպաստել է լրատվամիջոցներում «ապատեղեկատվության» հայտնվելուն՝ ուղղված «թագավորության իմիջի խաթարմանը եւ գահաժառանգ արքայազնի հեղինակության կործանմանը»:
Արդյունքում Էր Ռիադը որոշել է, որ ժամանակն է «ուժեղացնել պատասխան հարվածը» եւ թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի նախագահի ազդեցությունը: Ծրագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան մտադիր է գործարկել բոլոր հնարավոր գործիքները Էրդողանի կառավարության վրա կոշտ ճնշման համար: Թագավորությունն առաջին հերթին պատրաստվում է դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսության մեջ, կրճատել երկիր զբոսաշրջային հոսքերը եւ ներմուծման ծավալը, իսկ գլխավորը՝ նվազեցնել իսլամի հարցերում Թուրքիայի դերը:
Էր Ռիադը հույս ունի, որ Էրդողանը կկենտրոնանա ներքին խնդիրների լուծման վրա եւ վերջիվերջո՝ կտապալվի ընդդիմության կողմից կամ կսկսի սխալներ թույլ տալ՝ հաղթահարելով ճգնաժամը ճգնաժամի հետեւից, ինչը կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը: Անցած շաբաթ արդեն հայտնվել են այն բանի առաջին նշանները, որ Սաուդյան Արաբիան սկսել է իր ծրագիրը գործողության մեջ դնել. թագավորության իշխանությունները Դուբա նավահանգստում արգելափակել են թուրքական 80 բեռնատարներ, որոնք տեքստիլ արտադրանք եւ քիմիկատներ էին տեղափոխում, իսկ Ջիդա նավահանգստում՝ Թուրքիայից մրգերով եւ բանջարեղենով 300 կոնտեյներ:
Թուրքիայի տուրիզմի նախարարության տվյալներով՝ 2019 թվականի առաջին վեց ամիսներին երկիր այցելած սաուդցի զբոսաշրջիկների թիվը 15 տոկոսով կրճատվել է: Սաուդյան Արաբիան պաշտոնական Անկարային նաեւ այլ ազդանշաններ է ուղարկում. Middle East Eye-ի տեղեկություններով՝ «ի նշան այն բանի, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը իր հարաբերությունները Էրդողանի հետ խզել է եւ նրան սկսել է վերաբերվել ինչպես թշնամու, Սալման թագավորը «առանց տատանվելու» հավանություն է տվել իր խորհրդականների խորհրդին՝ Թուրքիայի նախագահին չուղարկել Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի պաշտոնական հրավեր:
Թուրքիայի կառավարությունում տեղյակ են հարաբերությունները խզելու Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի փորձերի մասին եւ այն կանխում են՝ անմիջական կապ պահպանելով նրա հոր՝ Սալման թագավորի հետ: Թուրքիայում պարբերականի բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Էրդողանը վերջերս սաուդցի թագավորի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր եւ թուրքական բեռների արգելափակումը, ինչպես նաեւ Սալմանի ամբողջ ընտանիքին հրավիրել է Թուրքիա, ներառյալ գահաժառանգ արքայազնին:




























