«Սանիթեք» ընկերությունը դեռևս չի ծանուցել կառավարությանը՝ նրա դեմ նախաարբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն իսկ սկսել է նախաարբիտրաժային գործընթացն ընդդեմ կառավարության՝ հետագայում դիմելով արբիտրաժային դատարանին։
«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը NEWS.am–ին հայտնեց, որ ընկերությունը գործընթացը սկսել է օգսոստոսի 5–ին և առաջիկա օրերին այդ մասին կծանուցի կառավարությանը։
Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը Երևանի քաղաքապետարանից իրենց առաջարկների վերաբերյալ պատասխան չեն ստացել։
Նշենք, որ նախորդ շաբաթ հրավիրված մամուլի ասուլիսին «Սանիթեք»-ի տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը տեսակապի միջոցով երկու առաջարկ արեց Երևանի քաղաքապետարանին. վարձակալության տալ համայնքային աղբահավաք բեռնատարներն ու աղբամանները, իսկ որպես երկարաժամկետ առաջարկ՝ ընկերության ղեկավարը հայտարարեց, որ 4 միլիոն դոլարի ներդրում են պատրաստվում անել՝ աղբարկղերի թիվը ավելացնել, աղբահավաք մեքենաների պարկը թարմացնել, սակայն պայմանով՝ քաղաքային իշխանությունները պետք է պարտավորվեն աղբի կառավարման գործողությունների ծրագիր մշակել, հետ վճարել իրենցից գանձված տուգանքների գումարներն ու վերանայել իրենց պայմանագիրը՝ բարձրացնելով ծառայությունների դիմաց վճարվող գումարը։
Հիշեցնենք, որ «Սանիթեք»-ի շուրջ հանրային դժգոհություններն իրենց գագաթնակետին հասան այս ամառ, երբ մայրաքաղաքում աղբը դարձավ անկառավարելի։ «Սանիթեք»-ի թերացումներից հետո քաղաքապետարանը որոշեց, որ Դավթաշեն վարչական շրջանի ու մասամբ էլ մյուս վարչական շրջանների աղբահանությունը կրականացնի համայնքային հիմնարկը։
Նշենք, որ ներկայումս «Սանիթեք»-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ քրեական գործ է քննվում Պետական եկամուտների կոմիտեում։ Խոսքը 290 միլիոն դրամի հարկեր չվճարելու մասին է։ Աղբահանությամբ զբաղվող ընկերությունը, սակայն, անօրինական է համարում քրեական գործը ու քաղաքական ենթատեքստ տեսնում դրանում։





























