Ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունն ու թուրքական Baykar Defence ընկերությունը, որն անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողներից է համարվում, բարձր ճշգրտության զենքի եւ օդատիեզերական տեխնոլոգիաների արտադրական ձեռնարկություն են ստեղծել, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությանը:

Համատեղ ձեռնարկության գլխավոր խնդիրը երկու երկրների պաշտպանական համալիրների հզորության միավորումն է՝ երկու երկրների բանակների համար ժամանակակից սպառազինության նոր օրինակների սերիական արտադրության համար:

Նշվում է, որ դա թույլ կտա ազատվել սպառազինությունների առուծախի դասական պայմանագրերից եւ անցնել համագործակցության նոր մակարդակի:

Համատեղ ձեռնարկության առաջին ծրագրերից է նոր մահաբեր անօդաչու թռչող սարքի մշակումը : Այն կարող է ժամերով գտնվել օդում, կրեյսերային արագություն զարգացնել եւ բարձր ճշգրտության սպառազինության լայն սպեկտրով հարված հասցնել:

Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդն ակնկալում է,  որ համատեղ ձեռնարկության ստեղծումը թույլ կտա մեծացնել Ուկրաինայի եւ Թուրքիայի պաշտպանունակությունը: