Սեւան քաղաքում տաքսի ծառայություններից մեկի վարորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 24-ամյա Գարուշ Գ.-ն մարտի 25-ին, ժամը 22-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրեն կցված «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան են նստել Սեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահրամ Հ.-ն եւ նրա ընկերը, ովքեր Սեւան քաղաքի Չարենցի փողոցում գարեջրի շշով եւ ձեռքերով հարվածել են իր գլխին, ապա  իջեցնելով ավտոմեքենայից՝ ծեծի են ենթարկել իրեն եւ փախցրել ավտոմեքենան: Մեքենան նույն օրը հայտնաբերվել է Սեւան քաղաքի Նաիրյան փողոցում` վթարի ենթարկված վիճակում:

Վահրամ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն: