NEWS.am-ը ներկայացնում է մի զարմանալի գործի պատմություն, որը քննվում է ֆրանսիական դատարանում եւ որի մասին հրապարակվել է  Ouest-France-ում:

2006թ. դեկտեմբերի կեսերին Ռեն քաղաքում (Ֆրանսիա) աշխատավայրում մի հայ հանդիպում է աֆրիկացու: Նրանք սկսում են ընկերություն անել, եւ  աֆրիկացին պատմում է  փող աշխատելու հրաշագործ եղանակի մասին ու դեկտեմբերի 24-ին հրավիրում է ցուցադրության: Կոնգոցին հայից վերցնում է 50 եվրոանոց թղթադրամ, որը տեղադրում է ինչ-որ տուփի մեջ, ապա վրան լցնում է ինչ-որ քիմիական նյութ, թափահարում եւ այնտեղից դուրս է բերում 50 եվրոանոց երկու թղթադրամ: Աֆրիկացին առաջարկում է անմիջապես գնալ մոտակա խանութն ու փորձարկել նոր թղթադրամը: Այնտեղ առանց խնդիրների թղթադրամն ընդունում են:

 «Իմ պաշտպանյալը լքել է Ադրբեջանը երեխա ժամաակ այն բանից հետո, երբ ընտանքը սպանվել է,-ասել է հայի դատապաշտպանը:- Նա եկել է Ֆրանսիա որպես ընտանիքի հայր: Նրա ընտանիքն ու ընկերները երկար տարիների ընթացքում տնտեսել են 18 հազար եվրո, որպեսզի կարողանան քյաբաբի վաճառքով զբաղվել»:

Խաբեբան այնուհետեւ հային առաջարկում է կրկնել թղթադրամների  բազմապատկման գործընթացն ավելի նշանակալի գումարով: Մի քանի օրից նրանք հանդիպում են Փարիզի հյուրանոցներից մեկում: Հայն արդեն իր հետ բերում է իր 18 հազարը` հուսալով հեռանալ կրկնակի ավելի գումարով: Բայց, պնդելով, թե հրաշք նյութերը բերող մարդը ձերբակալվել է, խարդախները 18 հազարը փոխարինում են կախարդական տուփի փողերով` վստահեցնելով, որ գործընթացը դեռ կորած չէ:

 «Սկզբից մինչեւ վերջ խաբեությունը լավ կանխամտածված է եղել»,- նշել է դատախազը. «նրանք գաղթակղել են լավ ընտրված զոհին` նրա դյուրահավատության ու ագահության  պատճառով, եւ ստիպել են մասնակից դառնալ».

Խաբեբաներն այնուհետեւ զոհի համար նոր հանդիպում են նշանակել: Հունվարի 9-ին Ռեն է ժամանում «մասնագետը»` օպերացիան ավարտելու համար: Սակայն դրա համար պահանջվում է եւս 7 հազար եվրո: Հայը համաձայնում է եւ գտնում է այդ գումարը: Կամերունցի  «մասնագետը» Ռեն է ժամանում գնացքով, որին դիմավորում են հայերը եւ ուղեկցում իրենց ընկերոջ տուն: Սակայն երբ նկատում են, որ «մասնագետն» այդ գումարը թաքցրել է իր ներքնազգեստի մեջ, հասկանում են, որ խաբվել են:

Խաբեբային նրանք  անօրինական կերպով զրկում են ազատությունից 48 ժամ եւ մի քանի անգամ ծեծի ենթարկում: 

Զոհերը, որոնք ակամայից  դառնում են ագրեսորներ, փորձում են վերադարձնել իրենց գումարները:

Խաբեբայի զուգընկերուհու կողմից նախազգուշացվելով` ոստիկանները ձերբակալում են  բոլորին 2007թ . հունվարի 11-ին:

Դատախազը գործով անցնող 8 անձանց` 3 աֆրիկացիների եւ 5 հայերի համար պահանջել է երկու տարվա խիստ ռեժիմով ազատազրկումից մինչեւ 12 ամիս պայմանական: Գործը ներկայացված է քննության: