Միջազգային եւ տեղական լրագրողական կազմակերպությունները դատապարտել եւ  «գրաքննություն» են համարել Թուրքիայում ոստիկանների վերջին արշավները` ընդդեմ չհրապարակված ձեռագրի: Այս մասին  հայտնում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ը:

«Թույլ չտալ տպագրված գրքի տարածումը` այլ բան է,  բայց արգելել ունենալ չտպագրված գրքի սեւագիր տարբերակը` սա արդեն շատ վտանգավոր նախադեպ է»,– Hurriyet Daily News –ին ասել է «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ներկայացուցիչ Յոհան Բիրը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի` մամուլի ազտության հարցը չափազանված համարելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Ստամբուլի ոստիկանությունն արշավ է ձեռնարկել տպագրատանը եւ օրաթերթի խմբագրությունում` բռնագրավելով ձերբակալված լրագրող Ահմեդ Շիկի  չտպագրված գրքի ձեռագիրը եւ ոչնչացնելով բոլոր թվային օրինակաները: Գրքում խոսվում է ենթադրյալ մի կազմակերպության մասին, որն ստեղծվել է Թուրքիայի ոստիկանությունում`Ֆեթհուլլահ Գյուլենի իսլամական ընկերակցության կողմից:

Մամուլի միջազգային ինստիտուտը եւս մտահոգույուն է հայտնել «շատ անհանգստացնող իրադարձության» առնչությամբ: «Մենք շատ հիասթափված ենք: Աշխարհում քիչ երկրներ կան, որտեղ այսքան շատ լագրողներ գտնվեն բանտում: Եւ մենք չենք տեսնում որեւէ հիմնավորում, թե ինչու են նրանք ձերբակալվել»,– ասել է ինստիտուտի ներկայացուցիչ Սթիվեն Էլիսը:

Լրագրողների միջազգային դաշնության եվրոպական տնօրեն Ռենատե Շրեյդերը հայտարարել է, թե հարցը կընդգրկվի Եվրոպական խորհրդարանի օրակարգում:

Եվրախորհրդարանի երկու անդամներ արդեն խնդրել են Թուրքիայի կառավարության  «տեսակետը» ոստիկանական արշավի վերաբերյալ: «Մենք փորձում էինք  հասկանալ, թե որ բացատրությունը կարող է արդարացնել նման աննախադեպ ակտը»,– ասել են Ալեքսանդր Լաբսդորֆը եւ Մարիտիե Սխակեն: