«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտ` ծովում ռադիոակտիվ յոդի քանակությունը մարտի 28-ի առավոտյան գերազանցել է թույլատրելի նորման 1150 անգամ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Co (TEPCO) ընկերության ինժեներները ռադիոակտիվ նյութեր են գտել առափնյա գծից 30 մետր հեռավորության վրա: Յոդի առավելագույն կենտրոնացում արձանագրվել է «Ֆուկուսիմա-1»-ի 5-րդ եւ 6-րդ ռեակտորների մոտ: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ աշխատակիցներին հաջողվել է վերականգնել հովացման համակարգը 5-րդ եւ 6-րդ ռեակտորներում:

Կիրակի օրը ռադիոակտիվ յոդի ցուցանիշը նորման գերազանցել էր 1850 անգամ: Իշխանությունների տվյալներով, աղտոտման գոտում ծովային ֆաունայի կյանքին վտանգ չի սպառնում:  

Ճապոնիայի կառավարությունը քննադատել է TEPCO-ին: Երեկ ընկերությունը հայտարարել էր, թե ճառագայթումը գերազանցում է 10 միլիոն անգամը, սակայն ժամեր անց հերքել եւ նշել էր, որ 100 հազար անգամ է գերազանցում: