Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր վերաբերմունքը ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցի մասին, որն արվել էր ղարաբաղյան հակամարտության գոտու ընդհանուր իրավիճակի գնահատման վերաբերյալ:
Ըստ զեկույցի ադրբեջանական մեկնաբանության, «ԵԱՀԿ գնահատման դաշտային առաքելությունը եւս մեկ անգամ հաստատել է հայերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբնակեցման քաղաքականության շարունակումը, նաեւ ենթակառուցվածքային փոփոխություններ եւ տնտեսական գործունեության իրագործում է արձանագրել, ինչը հակասում է Չորրորդ Ժնեւյան կոնվենցիային եւ հարակից արձանագրություններին, որոնց Հայաստանը միացել է 1993թ.:
Ադրբեջանն աջակցում է համանախագահների կոչին` հրաժարվել ցանկացած տիպի գործունեությունից, որը կարող է հանգեցնել ժողովրդագրական, սոցիալական կամ մշակութային առանձնահատկությունների փոփոխության (շարոնակվող ապօրինի վերաբնակեցում, ենթակառուցվածքների զարգացում, տնտեսական շահագործում), կամ «ստատուս-քվոյի» փոփոխությանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող քայլերից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ օրերս հրապարակվել է ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցը`ղարաբաղյան հակամարտության գոտու ընդհանուր իրավիճակի մասին:





























