ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերեւույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման եւ համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա:
Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու եւ չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջինիս պատկանող անշարժ եւ շարժական գույքի վրա:
Նախաքննությունը շարունակվում է:





























