Լուրջ խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն, իշխանությունները ավելի քան մեկ տարի զբաղված են սեփական ինքնագնահատականի բարձրացմամբ: Չկա թիմային աշխատանք, ոչ մի ոլորտում չի կատարվել համակարգված աշխատանք: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ մենք միայն մարդկանց մի խմբի ենք տեսնում, որոնք անվերապահորեն լսում են իրենց առաջնորդին, մինչդեռ իշխանությունների չկայացածությունը կարող է երկրի համար վտանգավոր լինել: «Իշխանությունները մինչեւ հիմա հստակ դիրքորոշում չեն արտահայտել առանցքային հարցերում, ինչպիսին են ղարաբաղյան հիմնախնդիրը, ազգային անվտանգությունը, ներքաղաքական խնդիրները: Կրթության ոլորտում բարեփոխումներով զբաղվելու փոխարեն, իշխանություններին մտահոգում է այն, թե պատմության դասագրքում ինչպես են նայվում 2-3 տողերը: Նույնպիսի պատկեր է նաեւ մյուս ոլորտներում: Մինչեւ հիմա ներդրողներ չկան, որոնք, Փաշինյանի խոսքով, հերթ կկանգնեին եւ կսպասեին միայն նրան, որ փոխվեր Ազգային ժողովը»,- պարզաբանեց նա: