Լուրերը, թե «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը գնել է վրացական PepsiCo ընկերությունը, իրականությանը չեն համապատասխանում, նա, պարզապես, պատրաստվում է Հայաստանում Pepsi-ի արտադրություն հիմնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արսենյանի օգնական Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով, վրացական PepsiCo ընկերությունն արդեն հերքել է վերոնշյալ լուրը։ «Եթե ինքը՝ ընկերությունը հերքում է Աշոտ Արսենյանին բաժնետոմսեր  վաճառելու մասին տեղեկությունները, ինչի՞ մասին կարող է լինել խոսքը»,- նշեց Ղազարյանը։

Արսենյանի օգնականը նաեւ տեղեկացրեց, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրենը նախատեսում է արդեն մայիսից Հայաստանում Pepsi-ի արտադրություն սկսել։ «Հիմնական սարքավորումները տեղադրված են, շուրջ 22 մլն եվրոյի ներդրումներ են կատարվել։ Նախատեսվում է, որ Երեւանում գտնվող գործարանում կաշխատի մոտ 250 մարդ»,- մանրամասներ ներկայացրեց Աշոտ Արսենյանի օգնականը՝ միաժամանակ դժվարանալով նշել, թե որքան կկազմի աշխատողների միջին աշխատավարձը։

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության տնօրեն Աշոտ Արսենյանը ձեռք է բերել վրացական PepsiCo ընկերության բաժնետոմսերը։