Տեւական ժամանակ է՝ NEWS.am-ի խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նշում են, որ աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ այդպես էլ չկայացած համերգի կազմակեպիչ VH Music ընկերությունը, խոստմանը հակառակ, իրենց գումարները հետ չի վերադարձնում։

Մանրամասներ ճշտելու համար փորձեցինք զանգահարել VH Music, որի քաղաքային համարը, պարզվեց, այլեւս գոյություն չունի։ Մեր զանգերին չպատասխանեց նաեւ ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը։

Նշենք, որ ավելի վաղ հղած NEWS.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ընկերությունը վերադարձնել տոմսեր գնած մարդկանց գումարները եւ եթե այո, ապա ինչպե՞ս, Հարությունյանը նշել էր. «Իհարկե, մենք վերադարձնելու ենք համերգի տոմսեր գնած բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների գումարները։ Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կամ զանգահարել մեզ։ Նրանց գումարները կվերադարձվեն փուլ առ փուլ»։ Իսկ ի՞նչ ասել է փուլ առ փուլ, հարցին էլ պատասխանել էր, որ յուրաքանչյուր գնորդի համար կսահմանվեն կոնկրետ ժամկետներ, որոնցում էլ գումարները հետ կվերադարձվեն։

Հատկանշական է, որ Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել էր 3 անգամ: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, սակայն ի  վերջո պարզվել էր, որ այն ընդհանրապես չի կայանալու: Պատճառը ոչ միայն  երգչուհու պահանջած տեխնիկական միջոցներից մեկի բացակայությունն էր, այլ նաեւ տոմսերի՝ փոքր ծավալների վաճաքը։

Համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին։