Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության նախկին ղեկավար Ալվարո Անտոնյանը չի բողոքարկել դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման:
Նախաքննությամբ պարզվել էր, որ Ալվարո Անտոնյանը, ով աշխատում էր արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես գործակալության պետ, եւ հանդիսանում էր «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Ֆրանսիայի ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի ներկայացուցիչ Բ. Ֆեյների հետ 2008թ. հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն այդ հուշագրի եւ ի լրումն դրա հետագայում կազմված արձանագրությունների՝ նախատեսվել է Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց:
Սեյսմիկ կայանների վերոնշյալ ցանցը կառուցելու համար ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, հակառակ սկզբնական պայմանավորվածության, ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը եւ 2009թ. օգոստոսի 27-ին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 37 մլն 466 հազար 800 ՀՀ դրամին համարժեք 70 հազար եվրոն, փոխանցել են Ա. Անտոնյանի ղեկավարած «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին:
Նախաքննության տվյալներով Ա. Անտոնյանը, օգտագործելով բանակցային կողմ հանդես գալու իր լիազորությունը, հիշյալ գումարն ստացել եւ մուտք է արել նույն կազմակերպության դրամարկղ: Այնուհետեւ որպես կազմակերպության ղեկավար՝ տարբեր ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, նախատեսված կայանների շինարարության մեջ նրանց ներգրավելու, ինչպես նաեւ շինարարական նյութեր ձեռք բերելու եղանակով 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, ինչպես նաեւ նույն մարզի Զեդեա համայնքում գտնվող «Վայք գրուպ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներում կառուցել եւ շահագործման է հանձնել սեյսմիկ 6 կայաններից բաղկացած ցանց: Սակայն օգտվելով շինարարական աշխատանքների վրա ծախսած դրամական միջոցների նկատմամբ ֆինանսական եւ սեյսմիկ ծառայության ազգային մարմնի պատշաճ հսկողության բացակայությունից՝ յուրացրել է ծրագրի ամբողջական իրացման համար իրեն վստահված 3 մլն 324 հազար 387 դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ինքը` Անտոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցյում հայտնել էր, որ կայանները կառուցվել են ժամանակին, տեղադրվել է ժամանակակից սարքավորումներ: Նա նաեւ պնդել էր, որ որեւէ գումար չի յուրացրել:
Փետրվարի վերջին Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել Ալվարո Անտոնյանին:





























