Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Սեթ Կորանտենգին (Seth Koranteng, նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ում Գանայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-գանայական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց խորացման համար:

Դեսպան Կորանտենգն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրել, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Գանայի համագործակցությանն առնչվող հարցեր: