Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր է դիմել Սերժ Սարգսյանին` մարտի 13-ից անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:

Գագիկ Ծառուկյանը օրերս Մոսկվայի տանը Լոնդոն-2012 օլիմպիական խաղերին նվիրված շնորհանդեսից հետո պատասխանելով Սամսոն Խաչատրյանին վերաբերող հարցին` նշել էր. «Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, ես երկրի նախագահին դիմելու եմ, որ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետեւ ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է»:

Ընդգծելով, որ Սամսոն Խաչատրյանը կարողացել է Հայաստանի հեղինակությունը ամբողջ աշխարհում բարձր պահել` Ծառուկյանը, միաժամանակ, նշել է, թե դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան:

Իսկ ահա, Հայ ազգային կոնգրեսում գտնում են, որ Սամսոն Խաչատրյանին պետք է ոչ թե մեղմ վերաբերվեն, այլ արդարացնեն, քանի որ մեղմ են վերաբերվում հանցագործին, իսկ Ս. Խաչատրյանն անմեղ է:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել էինՍամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է, որտեղ նրան ձերբակալել էին:

Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), քանի որ ըստ ոստիկանության տվյալների, Ս. Խաչատրյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստով ոստիկանին:

Իսկ ահա Ս. Խաչատրյանն ու նրա պաշտպանները, նաեւ դեպքին ականատես ցուցարարները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, որոնք չեն ներկայացել որպես ոստիկաններ: Նրանց կարծիքով, սա քաղաքական հաշվեհարդար է եւ կապ ունի Ս. Խատատրյանի քաղաքական հայացնքների հետ: