Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակ ստացած Օրհան Փամուքը բողոքարկելու է Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանի որոշումը, որով ինքը դատապարտվել է՝ «Թուրքերը 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել» արտահայտության համար։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝  Փամուքի փաստաբան Հալուք Ինանջը նշել է, թե դատարանի պարտականությունն է պաշտպանել խոսքի ազատությունը։ «Օրհան Փամուքի այդ հայտարարությունից 6 տարի է անցել, իսկ մամուլում նմանատիպ հայտարարությունների համար գործում է 1 տարի վաղեմության սկզբունքը։ Դատը բացելուց ի վեր 5 տարի է անցել։ Մենք բողոքարկելու ենք վճիռը»,-ասել է թուրք գրողի փաստաբանը։

Նշենք, որ Ստամբուլի Շիշլիի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանը բավարարել է «Էրգենեկոն»-ի գործով կասկածյալ, իրավաբան Քեմալ Քերինչսիզի եւ սպանված թուրք զինվորների 5 հարազատների կողմից ներկայացված հայցը: Դատարանի որոշմամբ` Օրհան Փամուքը նրանց ամեն մեկին պետք է 1000-ական լիրա փոխհատուցում վճարի: Օրհան Փամուքը 15 օրվա ընթացքում իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումը:

Քեմալ Քերինչսիզի եւ սպանված թուրք զինվորների 5 հարազատների կողմից 2006-ին ընդհանուր 36 հազար լիրա փոխհատուցման հայց էր ներկայացվել Շիշլիի քաղաքացիական գործերով 3-րդ դատարան: Սակայն դատարանը մերժել էր հայցը: Այնուհետ հայցվոր կողմը մերժումը բողոքարկել էր վճռաբեկ, որն էլ որոշում էր կայացրել, որ Շիշլիի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանը պետք է քննի գործը:

Հիշեցնենք, որ Օրհան Փամուքը 2005-ին շվեյցարական մի ամսագրին տված հարցազրույցում ասել էր, թե թուրքերը 1915-ին 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ են սպանել: «Թուրքիայում դրա մասին ոչ ոք չի համարձակվում ասել, բայց ես ասում եմ»,-հայտարարել էր Օրհան Փամուքը: Սրանից հետո նրան սկսել էին հետապնդել Թուրքիայի քրեական օրենսգքրի տխրահռչակ 301-րդ հոդվածով (թյուրքականության վիրավորում):

Օրհան Փամուքը 1 մաիս առաջ հունական մի ամսագրին տված հարցազրույցում կրկնել էր իր խոսքերը` նշելով, թե ինքը հետ չի կանգնում իր ասածներից: