Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողովի դատին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նիստին ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2010թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 701,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 884,7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասորդը) կկազմի 183.0 մլրդ դրամ։

Հայաստանի համայնքների 2010 թվականի բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 82,3 մլրդ դրամ (եկամուտների գծով՝ ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները):

Նախագծով առաջարկվել է ՀՀ 2010թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով՝ 676,6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 859,6 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասորդը)՝ 183 մլրդ դրամ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մեկ անգամ եւս քննության առնել վերջինիս առաջարկները եւ հնարավորության սահմաններում հաշվի առնել դրանք, ինչպես նաեւ խմբագրական որոշ փոփոխություններ կատարել:

Փաստաթուղթը ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթի հետ միասին սահմանված ժամկետում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։