Քիչ առաջ Ոստիկանության Սեւանի ձերբակալվածների պահման վայրից ոստիկանություն է տեղափոխվել «Գարբատ» մականվամբ, 26-ամյա Վահրամ Հայրոյանը, ով ծեծել է տաքսու վարորդի, ապա փախցրել նրա մեքենան:

Հայրոյանն աշխատում է «Հայփոստի» Սեւանի մասնաճյուղում որպես ինկասատոր:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 25-ի կեսօրին Հայրոյանը նստել է Սեւանում գործող «Միլենա» տաքսի ծառայության ՎԱԶ-21010» մակնիշի Տ 5238 համարանիշի ավտոմեքենան, եւ վարորդ Գարուշ Գեւորգյանին պատվիրել վարել:

Հասնելով Շիրազի փողոցի վրա գտնվող նախկին ուսումնարանի մոտ` վարորդը դիմել է Վահրամին եւ նրա հետ գտնվող անծանոթ ուղեւորին ու խնդրել կոնկրետ երթուղի հայտնել` «Սա տաքսի, է, ոչ կարուսել» ասելով: Վահրամ Հայրոյանը իր ձեռքին եղած գարեջրի շշով հարվածել է վարորդի գլխին: Տեղի է ունեցել ծեծկռտուք, վարորդը դիմել է փախուստի, իսկ Հայրոյանը մեքենան փախչել է եւ Սեւանի շուկայի մոտ բախվել այնտեղ կայանված նույն «Միլենա» տաքսի-ծառայության մեկ այլ` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա Volkswagen մակնիշի մեքենային:

Դրանից հետո, նա մեքենան թողել է վթարի վայրում եւ դիմել փախուստի:

Քիչ անց, երբ Սեւանի ոստիկանները օպերատիվ աշխատանքներ են սկսել կատարել դեպքի վայրում, Հայրոյանը վերադարձել է եւ հեռվից սկսել դիտել ոստիկանության աշխատանքը: Իրավապահների մոտ կասկած է առաջացել եւ նրանք ձերբակալել են Հայրոյանին:

Ոստիկանության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քր.օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (մեքենային ապօրինաբար տիրանալը` առանց հափշտակելու մտադրության, կյանքին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով):

 

 

 

Վահրամ Հայրոյան

Գարուշ Գեւորգյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի