«Երկիր»-ը գրում է. «Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի հեռուստատեսային հեռարձակման ընթացքում, ի տարբերություն նախորդների, զարմանալիորեն ընդամենը երկու անգամ ցուցադրվեց կառավարական օթյակը, միչդեռ պարբերաբար հեռուստաէկրաններին էր այն միակ երկրպագուն, որը խաղին ժամանել էր Վրաստանի դրոշով։ Տարակուսանքը փարատվեց հետեւյալ տեղեկատվությամբ։
Բանն այն է, որ հավաքականի խաղերի ցուցադրման իրավունքները գնել է գերմանական Sport faive ընկերությունը, որն էլ որոշել է չվստահել հայ մասնագետներին, իսկ ուղիղ հեռարձակման կազմակերպման համար հրավիրել է վրացական խումբ, որը ժամանել էր սեփական տեխնիկայով։ Ովքեր խաղին հետեւել են հեռուստատեսությամբ, կհամաձայնեն, որ ցուցադրությունը բացառիկներից չէր։ Կասկածից դուրս է, որ հայ մասնագետները շատ ավելի լավ հեռարձակումներ են իրականացրել։ Ուղղակի այստեղ եւս մեր մասնագետների բախտը չբերեց, որովհետեւ հայկական հեռուստաընկերությունները, զբաղված լինելով ռեյտինգային մրցավազքով, «մոռացել» են տեխնիկական վերազինման մասին եւ իրենց ամբողջ ունեցած-չունեցածը ներդրել են եւ շարունակում են ներդնել սերիալների ֆինանսավորման վրա։




























