Երեւանում բացօթյա առեւտուրն արգելելու մասին քաղաքապետի որոշումն իրավաչափ էր, սակայն այդ մարդկանց աշխատանքից զրկելուց առաջ պետք էր միջոցներ ձեռնարկել: Այս մասին այսօր` մարտի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ի թիվս այս հարցերի, նաեւ այս հարցն է քննարկվել օրերս Հանրային խորհդի անդամների եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ:

«Քաղաքապետարանի կողմից նման որոշման կայացումն իրավաչափ էր այնքանով, որքանով կանխվեցին հակասանիտարական վիճակները եւ կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Հովհաննիսյանը՝ կաշառակերության հիմքեր համարելով բացօթյա առեւտրականների՝ թաղային տեսուչներին եւ հեղինակություններին առեւտուր անելու իրավունք ստանալու համար տրվող գումարները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի քաղաքապետարանը սկսել է քաղաքում բացօթյա առեւտուրը վերացնելու եւ կանխելու ուղղությամբ լայնամասշտաբ ծրագրի իրագործումը։

Այս ծրագրի նպատակն է կատարել Հայաստանի օրենսդրության պահանջը՝ սպառողներին հեռու պահել անորակ մթերքից, կանխել եւ բացառել թունավորումների դեպքերը:

Նշենք, որ բացօթյա առեւտուրը թույլատրելի է միայն ծաղիկների, սածիլների, եղեւնիների, պաղպաղակի, ջրերի, հյութերի եւ զովացնող ըմպելիքների դեպքում։