Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի»-ի սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Իրավունք» թերթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: 

Նա նշեց, որ հայցադիմումը թերթի խմբագրությունն ստացել է երեկ` մարտի 28-ի երեկոյան, որում ասվում է, որ պատգամավորը դատի է տվել պարբերականին` 2010 թվականի փետրվարի 22-ի 13-րդ համարում տպագրված  «Կլորիկ գումար է կրվել» հրապարակման  համար: Դրանում ասվում է, թե` «քյավառա հատընտիր պատգամավորը, իր «փիս խասիաթի» համաձայն, չի կարողացել անտարբեր անցնել Մոսկվայի խաղատներից մեկի կողքով եւ մոտ չորս ժամ ընկղմվելով իր սիրած զբաղմունքի մեջ, բավականին կլորիկ գումար է կրվել»:  

«Բայց խաղատներում «թրեւ» գալուց առաջ Արզաքանցյանը գուցե հիշի, որ Հայաստանում էլ խաղող մթերողներն են աչքները ջուր կտրած սպասում, թե երբ է Տիգրան Արզաքանցյանը մարելու աշխատավարձի պարտքերը...»,-գրել էր «Իրավունքը»: Պատգամավորը, ինչպես նշեց Գալաջյանը, վիրավորանք է  համարել «թրեւ գալ» արտահայտությունը եւ թերթից  պահանջում է որպես փոխհատուցում երեք միլիոն դրամ վճարել:

Հիշյալ նյութի հրապարակումից հետո, Արզաքանցյանը պատասխան գրություն է  ուղարկել  «Իրավունք»-ին եւ նշել, որ հոդվածն ամբողջությամբ պարունակում է «վիրավորական, իրականությանը չհամապատասխանող, մտացածին արտահայտություններ եւ տեղեկություններ»: Նա, սակայն, չի հերքել հոդվածում տեղ գտած այն տեղեկությունը, որ ինքը խաղատանը գումար է տանուլ տվել եւ խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «ոչ գրական այնպիսի հայերեն բառերից ինչպիսին է, օրինակ թրեւ գալը»:

«Ամենահետաքրքիրն ու զավեշտալին այն էր, որ ԱԺ պատգամավորը մեզ հասցեագրած  «խորհրդատվական»  նամակի տակ դրել էր իր ստորագրությունը` տպավորություն թողնելու, որ ինքը ոչ միայն անաղարտ հայերենին է տիրապետում, այլ նաեւ առանց սխալների կարող է նամակներ ուղարկել լրատվամիջոցներին»,-ասաց Հովհաննես Գալաջյանը` հավելելով, որ հայցադիմումը աբսուրդ է համարում եւ  հիմնազուրկ:

«Իրավունքի» խմբագիրը նաեւ նշեց, որ պատգամավորի գրությունը ստանալուց հետո թերթի թղթակիցը կապվել է ԱՄՆ-ում գտնվող Արզաքանցյանի հետ: Պատգամավորը հայտարարել է, թե «ես երբ ուզենամ, կարամ գնամ խաղատուն» եւ խոստովանել, որ «Իրավունք»-ին հասցեագրած նամակի տակ  իր փոխարեն ստորագրել է իր իրավաբան-վստահված անձը` Նիկոլայը:

Հարցին, թե նա իրավասո՞ւ է Ձեր ձոխարեն ձեռագիր ստորագրելու, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Այո, ինքը ունի դավերնըստ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել նաեւ մեկ այլ թերթի` «Երկիր»-ին եւ 3 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: