Եթե Իրանում՝ իսկ առավել կոնկրետ Թեհրանում 8 բալ հզորությամբ երկրաշարժ գրանցվի, միեւնույն է, Հայաստանի հարավային շրջանների վրա այն առանձնապես լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային  ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը՝ անդրադառնալով քուվեյթցի մասնագետների այն կանխատեսումներին, որ մոտ ժամանակներս Իրանում 8 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունենալու։

«Քուվեյթը սեյսմիկ կանխատեսումների առումով երբեք հայտնի չի եղել, այդ է պատճառը, որ քուվեյթցի մասնագետների կանխատեսումների հանդեպ վստահությունն այդքան էլ մեծ չէ։ Ես դրանց հանդեպ հավատ չեմ ընծայում եւ այդ կանխատեսումները նույնիսկ քննարկման նյութ չեմ համարում։

Սակայն եթե մի պահ ենթադրենք, որ նման ուժգնությամբ երկրաշարժ Իրանի տարածքում՝ Թեհրանին մոտ, այնուամենայնիվ, կարող է գրանցվել, Հայաստանի հարավային շրջանների համար այն բացասական ոչ մի հետեւանք չի կարող ունենալ, հեռավորությունը շատ մեծ է»,- ասաց սեյսմոլոգը՝ խուսափելով կոնկրետ բալեր մատնանշել։

Նշենք, որ Քուվեյթի համալսարանի սեյսմոլոգները հայտարարել են, որ Իրանում՝ Թեհրանին մոտ գտնվող օջախներից մեկում  մոտ ժամանակներս հզոր երկրաշարժ է գրանցվելու։ Մասնագետների գնահատականներով, երկրաշարժի ուժգնությունը հասնելու է 8 բալի։ Այն կարող է ցունամիի պատճառ դառնալ, որն էլ կարող է «փլվել» Ծոցի երկրների վրա։