Հայ գուրմաններն անհանգստանալու կարիք չունեն. երեւանյան սուշի-բարերում նրանց սիրելի կերակրատեսակը՝ սուշին, պատրաստվում է բացառապես Եվրոպայից եւ Ռուսաստանից ներմուծված ձկնատեսակներից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հավաստիացրեցին սուշի-բարերի տնօրեններն ու մենեջերները։
Ինչպես նշեց «Սամուրայ» սուշի-բարի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, իրենք դեռ այն ծավալներին չեն հասել, որ սուշիի համար անհրաժեշտ ձկնամթերքը ներկրեն Ճապոնիայից։ «Ուտեստը պատրաստում ենք հիմնականում Ռուսաստանից բերված կամ մեզ մոտ՝ Հայաստանում բուծվող ձկնատեսակներից։ Ճապոնական հումքով երբեք չենք պատրաստել, դա երազանքի պես բան է»,- բացատրեց բարի տնօրենը։
Հարցին, թե ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում գրանցված վթարից եւ ռադիացիայի տարածման լուրերից հետո չե՞ ն հետաքրքվում արդյոք իրենց հաճախորդները, թե ինչ մթերքով է պատրաստված իրենց սիրելի ուտեսը, Ստեփան Գրիգորյանը նկատեց. «Պատկերացրեք, նման բան դեռ չի եղել»։
«Վասաբի» սուշի-բարի մենեջերն էլ ասաց, որ իրենք ձկան միսը ներկրում են ռուսաստանյան մի ընկերությունից, որն իր հերթին ձկնատեսակները ձեռք է բերում եվրոպական ընկերություններից։ «Ճապոնական շատ ձկնատեսակներ բուծվում են Եվրոպայում, հետեւապես ռադիացիայի վտանգ չի կարող լինել»,- բացատրեց նա։ Այս բարի հաճախորդները, պարզվեց, ավելի ուշադիր են սեփական առողջության հանդեպ եւ Ճապոնիայում տեղի ունեցած դեպքերից հետո չեն զլանում հարցնել բնամթերքի ծագման մասին։ «Իհարկե մի փոքր խուճապ կա, նորմալ է, որ մարդիկ անհանգստանում են, մենք էլ չենք նեղվում, մանրամասն բացատրում ենք նրանց»,- հավաստիացրեց սուշի-բարի մենեջերը։
Երեւանյան «Սուշի Տորիայում» եւս ասացին, որ սուշիի համար պահանջվող ձկնատեակները ներկրում են բացառապես Ռուսաստանից։
Կորեացի գինականները նշել են, որ «ճապոնական» ռադիացիան տարածվում է ամբողջ աշխարհում։ Ըստ նրանց, ռադիոակտիվ մասնիկները սկզբում շարժվել են Կամչատկայի ուղղությամբ, իսկ այնտեղից Արկտիկայով եւ Սիբիրով հասել Կորեական թերակղզի, Չինաստան եւ ասիական մի շարք այլ երկրներ։ Ռադիացիայի տարածման մեկ այլ ուղղություն է Խաղաղ օվկիանոսը եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը։



























