Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ատոմակայանը, վթարային աշխատանքների ավարտից հետո, հանվելու է շահագործումից, թեեւ նրա վեց ռեակտորներից երկուսը գրեթե վնասվածքներ չեն ստացել երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:

ԱԷԿ-ի լիակատար փակման օգտին հանդես է եկել վարչապետ Նաոտո Կանը Կոմկուսի նախագահ Կաձուո Սիի հետ հանդիպման ժամանակ: Ճապոնական կոմունիստների խոսքով, կառավարության ղեկավարը խոստացել է «մաքուր էջից վերանայել ատոմային էներգետիկայի նախկինում հաստատված ծրագրերը»: Ըստ այդ ծրագրերի` նախատեսվում էր մինչեւ 2030 թվականը կառուցել 14 ատոմային ռեակտոր:

Նախօրեին ճապոնական եւ ամերիկյան փորձագետները կարծիք էին հայտնել ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Նրանք կարծում են, որ էներգաբլոկների ապամոնտաժումը անհրաժեշտ է ռեակտորների սառեցումից եւ ռադիոակտիվ նյութերի թաղումից հետո: Ընդ որում, ապամոնտաժումը կարող է տեւել 30 տարի եւ արժենալ 12 միլիարդ դոլար: