«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նիստ կանցկացնի, որից հետո կարտահայտի իր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ, որը ներկայացվել է «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնության շրջանակում: Սեպտեմբերի 24-ին այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ՍԴ-ին հղվող դիմումի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում՝ հանձնաժողովի նիստում Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը նախկինում դեմ է հանդես եկել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրելուն:

Նշենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օգտին է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, որն աջակցել է «Իմ քայլի» նախաձեռնությանը: