ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Իջեւան քաղաքի բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ՝ բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի եւ մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով նշված վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին եւ չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:
Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:



























