Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում այսօր իր դռները բացեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Այսուհետեւ այս կենտրոնում քաղաքացիներ կարող են ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին տարածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով եւ Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս:

«Շնորհավորում եմ բոլոր տաշիրցիներին, եւ վստահ եմ, որ սա հնարավորություն է՝ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու՝ հանուն Հայաստանի եւ ՀՀ քաղաքացու: Հիշեցնեմ, որ այսպիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծվել են եւ ստեղծվելու են տարբեր մարզերում եւս: Շնորհակալություն եմ հայտնում այս գործում ներգրավված բոլոր անձանց, որովհետեւ առանց համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի իրականացնել այն, ինչ իրականացրել ենք եւ պետք է իրականացնեինք»,- այս մասին կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք, այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով` քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Տաշիրի ՀՍԾՏԿ-ի շինությունը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շատ հարմար է համայնքի շահառուների համար: Ընդհանուր մակերեսը 605 մ/ք է:

Կենտրոնում աշխատում է 15 մարդ: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու եւ ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից եւ կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։

«Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք աղքատությունը, ինչպես հաղթահել ենք հուսահատությունը: Մենք պետք է ապահովենք հնարավորություններ մարդկանց՝ իրենց երկրում ու համայնքում ապրելու համար: Շատ կարեւոր է այսպիսի պայմանների ստեղծման հետ միաժամանակ բարձրացնել քաղաքացիների նկատմամբ հոգատարությունը: Ամենակարեւորը, որ նմանատիպ կենտրոններ այցելելիս քաղաքացին պիտի ստանա, հոգատարությունն ու հարգանքն է: Եվ նույնքան կարեւոր է սոցիալական ոլորտում աշխատողների հարմարավետությունը, որովհետեւ ամենախոցելի խմբերի հետ աշխատող մարդիկ եւս ունեն ուշադրության, հոգատարության կարիք: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար, որովհետեւ առանց ձեզ, ձեր աշխատանքի ու նվիրվածության հնարավոր չի լինի լուծել մեր երկրի խնդիրները: Ես խնդրում եմ, որ դուք ապահովեք պետություն-քաղաքացի երկխոսությունն ու համագործակցությունը: Եվ հատուկ շնորհակալություն կենտրոնի ստեղծման համար աշխատած ողջ թիմին՝ հին եւ նոր աշխատակիցներին, բոլոր անձանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է այսօր ու բացում է իր դռնելրը մեր քաղաքացիների առաջ»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020 թթ. ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոններ (ՀՍԾՏԿ-ներ): Այսպիսով ընթացքում են Ստեփանավանի ՀՍԾՏԿ-ի շինաշխատանքները, ավարտվել են Վանաձորի, Թալինի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի, Հրազդանի, Տաշիրի, Ախուրյանի, Ծաղկահովիտի, Շենգավիթի ՀՍԾՏԿ-ների շինարարական աշխատանքները: