ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ ընդլայնման նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվության բաժնից։
Պատվիրակության կազմում է եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի եւ Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարեւորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր եւ ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը եւ քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաեւ արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի հարցում: Պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ֆինանսական գվարդիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայություն /հատուկ բաժին/ եւ Կարաբինիերների բանակի օպերատիվ կառավարման կենտրոն: Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի, ինչպես նաեւ Կարաբինիերների բանակի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Տեո Լուցիի, Ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ումբերտո Սիրիկոյի եւ նշված կառույցների այլ պաշտոնատար անձանց հետ: Վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր կնքելու վերաբերյալ: Հայաստանյան պատվիրակությունը կարեւորել է այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքները եւ հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի եւ շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը եւ այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ` փոխադարձ այցերի միջոցով:




























